Ասոցիացիան իր գործունեության սկզբից նպաստել է ծնողխորհուրդների հզորացմանը տարբեր ծառայությունների միջոցով:
Սեմինար/խորհրդատվությունները նպատակ ունեն բարձրացնել ծնողների իրազեկությունը կրթական բարեփոխումների վերաբերյալ, ընդգրկել նրանց կրթական բարեփոխումների իրականացման գործընթացներում, զարգացնել ծնողխորհուրդների, որպես հասարակական կազմակերպությունների կարողությունները, բարձրացնել նրանց հմտությունները` ֆինանսական հաշվետվությունների, ծրագրի բյուջեի, ՀԿ օրենսդրական դաշտի, ինչպես նաև ծրագրի մշակման և կառավարման ոլորտներում: Ասոցիացիան խորհրդատվություն է մատուցում ԴԾԽԱԱԱ գրասենյակում, տեղերում` այցելությունների միջոցով, ինչպես նաև հեռախոսազանգերով:
Տեղեկատվություն
Ասոցիացիան իր շահառուներին տեղեկատվություն է տրամադրում հետևյալ ոլորտներում.
- Դոնոր կազմակերպությունների մասին
- Կրթական ոլորտի օրենսդրական փոփոխությունների մասին
- Հասարակական կազմակերպություններին վերաբերող օրենսդրական դաշտի մասին
- Հարկային դաշտի օրենսդրական փոփոխությունների մասին
- Ծնողական խորհուրդների միջև տեղեկատվության փոխանակման կազմակերպում Ասոցիացիան խրախուսում է տարբեր դպրոցների ծնողխորհուրդների համագործակցությունը, կազմակերպում է նրանց միջև հանդիպումներ` տեղեկատվության և փորձի փոխանակման նպատակով:
Հայկական Կարիտասի հետ համագործակցած, ԴԾԽԱԱԱ-ն կազմակերպել է բազմաթիվ կլոր սեղաններ, որոնց ընթացքում քննարկվել են ծնողխորհուրդներին հուզող ամենատարբեր հարցեր: Կլոր սեղան քննարկումներին մասնակցել են դպրոցների ծնոխորհուրդների ներկայացուցիչներ, տնօրեններ, ինչպես նաև փորձագետներ Կրթության և գիտության նախարարությունից, կրթության քաղաքային վարչությունից և այլն: Քննարկումների նպատակն է կազմակերպել տարբեր մարզերի ծնողների հանդիպումները, նրանց մեկը մյուսի գործունեությանը ծանոթացնելը, ընդհանուր խնդիրներ վերհանելը, ինչպես նաև իրավասու մարմինների ուշադրությունը կրթության հիմնախնդիրներին բևեռելը և լուծումներ առաջարկելը` նպաստելու առողջ, գիտակ և պարտաճանաչ սերունդ դաստիարակելու համար դպրոցներում համապատասխան պայմաններ ստեղծելու գործին: